Հրատարակվել է «Տեսողական պոեզիա» պատկերագիրքը

Շարունակելով «Այբ» դպրոցի 10-ամյակի և «Այբ» կրթական հիմնադրամի 15-ամյակի հոբելյանական տարին՝ հերթական համատեղ վերջնարդյունքն էին ցուցադրության հանել նախագծային ուսումնառության «Արվեստանոց» և ֆոնդահայթայթման ակումբները։

Երեք տարի առաջ՝ 2018-ին, «Արվեստանոց» ակումբը սկսեց աշխատել իր երրորդ՝ «Տեսողական պոեզիա» նախագծի շուրջ։ Ակումբի 10 անդամները մեկ տարի շարունակ պատկերազարդում էին 10 հայ ժամանակակից բանաստեղծների գործերը։

Երկու տարի առաջ՝ 2019-ի հուլիսին, ակումբը ստացավ նախագծի վերջնարդյունքը։ «Արվեստանոցը» թողարկեց ժամանակակից պոեզիայի «Տեսողական պոեզիա» նկարազարդ ժողովածուն, և ընդամենը երկու օրինակով կայացավ գրքի շնորհանդեսը։

Իսկ երկու տարի անց՝ 2021-ին, ֆոնդահայթայթման ակումբի և բարերարների ջանքերով «Տեսողական պոեզիայի» շնորհանդեսը կայացավ 500 օրինակ տպաքանակով։

ՀԲԸՄ կենտրոնում «Այբ» համայնքը հավաքվել էր տոնելու «Տեսողական պոեզիայի» նորամուտը լայն հանրություն։ Այս առիթով, այբեցիներից ու գրքասերներից բացի, ներկաների շարքում էին նաև գրքի համահեղինակ բանաստեղծներից մի քանիսը՝ Տիգրան Պասկևիչյանը, Գեմաֆին Գասպարյանը, Արման Թովմասյանը, Ռուզաննա Ոսկանյանը։

Բանաստեղծ Արման Թովմասյանը ժպիտով է հիշում, թե ինչպես բանակային ծառայության ժամանակ իմացավ, որ իր բանաստեղծությունները ընտրել են նկարազարդման համար։ «Արվեստանոցի» անդամների համար այս շնորհանդեսը 2019-ի նույն օրվա՝ առաջին շնորհանդեսի քաղցր դեժավյու էր։ Ֆոնդահայթայթման ակումբի անդամները հատկապես առանձնացրին փոքր խմբով մեծ աշխատանք կատարելու հպարտ զգացողությունը։

«Տեսողական պոեզիայի» ստեղծման մեջ ներդրում ունեցողները ստացան նոր տպված գրքի օրինակներ։ Դպրոցի աշակերտներն էլ գրքի նկարազարդումներով նվերների անկյուն էին ստեղծել։

«Տեսողական պոեզիա» գիրքը կարող եք փնտրել «Զանգակ» և «Էպիգրաֆ» գրախանութներում։ Վաճառքից ստացված հասույթը կուղղվի նոր խմբաքանակի տպագրմանը։

Գոհարիկ Ադամյան, «Արվեստանոց» ակումբի անդամ, շրջանավարտ

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>